Այսօրվա ցանկացած տիպի հարաբերություններց շատերն ունեն կենդանական նման բնազդ, ապրել այնտեղ,որտեղ կան «բարենպաստ պայմաններ» , բայց ափսոս զուրկ են կենդանիներին հատուկ հավատարմությունից:

Վեճը չի կարող սիրային հարաբերություններն ուժեղացնող
հանգամանք համարվել, եթե արդեն դարձել է դառը ճշմարտությունը պայթեցնող ասեղ:

Այսօրվա ընկերությունը նման է անհաջող գրքի, որի վերջաբանը անխղճորեն հակասում է պատկերավոր ու գեղեցիկ սկզբին:

Եթե բացես կիսաբաց աչքերդ, լուսավորես հոգուդ ու ուղեղիդ մութ անկյունները, խլացնես անկարողության ձայնը , կյանքը կսկսի քեզ լուրջ վերաբերվել:

Կյանքը նման է փշալարի, որն ունի սկիզբ և անտեսանելի վերջ, հարթ և խճճված անցումներ:

Հիշողություննները ձեռքում ամուր բռնած՝ մոռացման հետևեից չեն վազում: Երջանկությամբ լի ցանկացած բան կշեղի ձեզ վազքի ընթացքում:

Գեղեցիկ ես դու, ընկերությու՛ն, երբ փաթաթված ես անկեղծության պարզ թևերով, երբ պատրաստ ես քամել ներսիդ ամենավերջին կամեցողությունն անգամ:

Չի կարող լինել հանգստություն, երբ անկեղծություն զգում ես միայն երազում, երբ զգալու փոխարեն տեսնում ու կորցնում ես:

Երբեք մի՛ խաղա կյանքի հետ: Կյանքը մեկն է, ով պահանջում է լուրջ վերաբերմունք և ոչ մակերեսային մոտեցում:
Մտածված դի՜ր յուրաքանչյուր քայլդ, այլապես, երբ կյանքը սկսի իր ֆուտբոլը, դու կհայտնվես անօգնական գնդակի դերում, ում կշպրտեն դարպասից դարպաս:

Թույլ չտա՛ք անցյալին ջարդուփշուր լինել դողացող ներկայի վրա:


Թեյախմ8յուն

  Ներսումս կարոտն ու ուղեղս, ջերմույան մեջ փաթաթված, թեյ էին խմում: Զրույցը թեժ էր ու չափազանց մտերմիկ, բայց միևնույն ժամանակ առանց փոխադարձ հասկացվածության: Պատճառն էլ գիտեմ՝ բոլոր զգացումներս ու զգացմունքներս կարոտի կողքին էին ու շատ քիչ էին ուշադրություն դարձնում ուղեղիս ու վերջինիս սառը եզրահանգումներին:
Հաղթանակը կարոտի կողմն էր՝ նա մեծ էր, ջերմ, անկեղծ, որն էլ ստիպում էր ուղեղիս խեղճանալ ու չկարողանալ վայելել թեյախմությունը, բայց միայն մինչև այն պահը, երբ հեգնանքով հարուստ, բայց լուռ օդի մեջ պայթեց ուղեղիս ծաղրող հարցը.
-Իսկ դու ունե՞ս հասցեատեր:
Թեյի հերթական կումը, որ սահուն ընթացք ուներ , կրակի պես այրեց կարոտի կոկորդն ու արդյունքում նորից բարձրացավ ուղեղիս ինքնագնահատականը:

Հիասթափության ապտակը

   Հիշում եմ՝ խորհրդավոր լռություն էր, որ լի էր գնացքին բնորոշ միատոն աղմուկով ու մարդկային տպավորիչ հայացքներով: Թվում էր, թե բոլորս անշարժ ենք, քանի որ գնացքը մեզ օրորելիս՚ խտրականություն չէր դնում: Իսկ մթնոլորտը, որ տեսողությունը լարած զննում էր շուրջը,ավելի թափանցիկ կլիներ, եթե ատելություն, չարություն և այլ պղտոր զգացումներ ունեցող դեմքերը լայն ժպտային` օրգանիզմից դուրս հրելով վատ տրամադրվածությունը:
Ես լուռ էի: Փորձում էի կենտրոնանալ, բայց երկու նստարան այն կողմ նստած փոքրիկի առողջ ծիծաղն անընդհատ շեղում էր` կոտրելով իրականությունից հեքիաթ տանող դարպասները:
   Նայում էի ու հիանում: Ձեռքին կար մեկ խնձոր, որ ուներ շատ հետաքրքիր գունավորում` ճիշտ իր թուշիկների նման: Նայում էր խնձորին, նետում վերև, ապա հմտորեն որսում:
Նայում էի ու մտածում, թե ինչքա՜ն քիչ բան էր պետք փոքրիկին երջանիկ լինելու համար: Երկար խաղալուց հետո կծեց խնձորը ու ամեն ինչ վերջացավ: Զրնգուն ծիծաղին փոխարինեց` հիասթափության արցունքներով ողողված լացը: Նրա համար զարմանալի էր այն, որ այդքա՜ն ախորժալի խնձորը կարող էր ունենալ տհաճ համ ու հոտ : Այն անմեղ աչուկները, որոնց մեջ խաղում էր խնձորի կարմիր երանգը, հալվել էին:
Ա՜խ, փոքրիկ, երանի հասկանայիր, որ դա ամենաչնչին հիասթապ8յունն է այս խճճված աշխարհում:
   Միանգամից ատեցի այն մարդկանց, ովքեր փչացած են ներքուստ, ովքեր ճիշտ այդ խնձորի նման են ու գայթակղելով ցավ են պատճառում մյուսներին: