Հիասթափության ապտակը

   Հիշում եմ՝ խորհրդավոր լռություն էր, որ լի էր գնացքին բնորոշ միատոն աղմուկով ու մարդկային տպավորիչ հայացքներով: Թվում էր, թե բոլորս անշարժ ենք, քանի որ գնացքը մեզ օրորելիս՚ խտրականություն չէր դնում: Իսկ մթնոլորտը, որ տեսողությունը լարած զննում էր շուրջը,ավելի թափանցիկ կլիներ, եթե ատելություն, չարություն և այլ պղտոր զգացումներ ունեցող դեմքերը լայն ժպտային` օրգանիզմից դուրս հրելով վատ տրամադրվածությունը:
Ես լուռ էի: Փորձում էի կենտրոնանալ, բայց երկու նստարան այն կողմ նստած փոքրիկի առողջ ծիծաղն անընդհատ շեղում էր` կոտրելով իրականությունից հեքիաթ տանող դարպասները:
   Նայում էի ու հիանում: Ձեռքին կար մեկ խնձոր, որ ուներ շատ հետաքրքիր գունավորում` ճիշտ իր թուշիկների նման: Նայում էր խնձորին, նետում վերև, ապա հմտորեն որսում:
Նայում էի ու մտածում, թե ինչքա՜ն քիչ բան էր պետք փոքրիկին երջանիկ լինելու համար: Երկար խաղալուց հետո կծեց խնձորը ու ամեն ինչ վերջացավ: Զրնգուն ծիծաղին փոխարինեց` հիասթափության արցունքներով ողողված լացը: Նրա համար զարմանալի էր այն, որ այդքա՜ն ախորժալի խնձորը կարող էր ունենալ տհաճ համ ու հոտ : Այն անմեղ աչուկները, որոնց մեջ խաղում էր խնձորի կարմիր երանգը, հալվել էին:
Ա՜խ, փոքրիկ, երանի հասկանայիր, որ դա ամենաչնչին հիասթապ8յունն է այս խճճված աշխարհում:
   Միանգամից ատեցի այն մարդկանց, ովքեր փչացած են ներքուստ, ովքեր ճիշտ այդ խնձորի նման են ու գայթակղելով ցավ են պատճառում մյուսներին: